Կալանավորվել է նաև Վարդան Ղուկասյանի` «Դոգի» մյուս քույրը` Կարինե Ղուկասյանը

Կարինե Ղուկասյանը համոզել է ոստիկանության աշխատակցին տրամադրել իրեն ֆիզիկական անձի անձնական տեղեկություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Վարդան Ղուկասյանի` «Դոգի» քույրը` Կարինե Ղուկասյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ, որին նա համոզել է տրամադրել իրեն ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։
Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կարինե Ղուկասյանի հետ՝ օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է նրան։

Ձերբակալելուց հետո Կարինե Ղուկասյանին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն հանցակից լինելը), իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի բազմաթիվ դրվագներով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին դատարանի կողմից բավարարվել է։

Ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է Վարդան Ղուկասյանի` «Դոգի» քույրը` Լ. Ղ.–ն։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս)։