ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան

Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ–ում. Արխիվային լուսանկար
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ և կա սկզբունքային պայմանավորվածություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ասել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։
«Ինչ վերաբերում է Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին` մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը` մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման համար։ Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը հենց այս տրամադրվածությամբ է մեկնելու ԱՄՆ»,– հայտարարեց նա։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և կա արդեն սկզբունքային պայմանավորվածություն։
Անդրադառնալով Արցախում հումանիտար ճգնաժամին` Փաշինյանն ասաց, որ այստեղ հումանիտար իրավիճակը սկսում է սրվել, անգամ արգելվել է Կարմիր խաչի երթևեկությունը։
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Դատարանի որոշման նկատմամբ Ադրբեջանի այս արհամարհանքը բերել է հումանիտար ճգնաժամի։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Արցախում անհնարին դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտումը, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` իրադրության լուծումը հայկական կողմի պատկերացմամբ հետևյալն է` Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջազգային օրակարգի հարց է, ինչպես նաև` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հարց։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, պետք է գործարկվի Բաքու–Ստեփանակերտ միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրները։
Հիշեցնենք, որ հունիսի 12–ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվեց ադրբեջանակն կողմի խնդրանքով։