ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Ռուսական տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ հիշատակի և խոնարհումի միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենականի անմեղ զոհերի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ հյուպատոսարանի, Ռուսական տան, 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի, մարզպետարանի ներկայացուցիչներ, աշակերտներ:
«Ավանդույթի համաձայն` մենք այսօր այստեղ ենք` հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու այն բոլոր մարդկանց, որոնք մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմի անմեղ զոհ դարձան, մի պատերազմ, որի պատճառով զոհեր ունեցան խորհրդային բոլոր հանրապետությունները: Ո՛չ Հայաստանում, ո՛չ ՌԴ–ում չկա մի ընտանիք, որ Մեծ Հայրենականի մասնակից չունենա: Մենք պետք է հիշատակի միջոցառումներ անցկացնենք երիտասարդ սերնդին հիշեցնելու համար պատերազմի սարսափի մասին: Հավերժ հիշատակ զոհերին»,- ասաց Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը ու ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին:
Հիշեցնենք, որ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել շուրջ 600 հազար հայ։ Ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար մարդ։ Ավելի քան 200 հազար հայ զոհվել է, նրանցից մոտ 175 հազարը՝ մարտերում։ Պատերազմի տարիներին 106 հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ բարձրագույն կոչմանը, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայաստանում համալրվել և ռազմաճակատ են ուղարկվել վեց ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան, ազգային կազմավորումներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրոհին։