«Արևմուտքը որոշել է ՌԴ-ի հետ կռվել մինչև վերջին ուկրաինացին». Պուտին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է հատուկ գործողության անցկացման գոտում տիրող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արևմտյան երկրները կարող են լրացուցիչ տեխնիկա մատակարարել Կիևին, սակայն մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Լեհ սպան խոսել է ՆԱՏՕ-ի տեխնիկայի հանդեպ ուկրաինացի զինվորականների անփույթ վերաբերմունքից
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը տվյալներ են հայտնել ուկրաինական զորքերի տեխնիկայի և անձնակազմի կորուստների մասին: Շոյգուն նշել է` այս պահին պարզ է, որ Արևմուտքի երկրներից Կիևին մատակարարված ու մատակարարվող տեխնիկան էապես չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա: Պատրուշևն էլ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման փորձերի ընթացքում ավելի քան 13 հազար մարդ են կորցրել:

«Հասկանում եմ, որ դրանք նախնական տվյալներ են, որովհետև մարտի դաշտում ամեն ինչ մինչև վերջ հնարավոր չէ տեսնել, բայց ընդհանուր առմամբ հասկանալի է։ Դրանից կարելի է եզրակացնել, որ տեխնիկա, իհարկե, կարելի է հավելյալ մատակարարել, բայց մոբիլիզացիոն պահուստն անսահմանափակ չէ։ Կարծես թե Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են մինչև վերջին ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ»,– ասել է Պուտինը՝ մեկնաբանելով հնչեցված տվյալները։

Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նշել է, որ մարտական խնդիրներ դնելիս պետք է հաշվի առնել, որ ուկրաինական բանակը դեռ չի սպառել իր բոլոր պահուստները։
«Պետք է ելնել այն բանից, որ հակառակորդի հարձակողական ներուժը սպառված չէ։ Մի շարք ռազմավարական ռեզերվներ դեռ գործի չեն դրվել, և խնդրում եմ դա նկատի ունենալ մարտական աշխատանք կառուցելիս։ Պետք է ելնել իրողություններից», – ասել է ՌԴ նախագահը։
Երեկ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրում:
Հունիսի վերջին Ռուսաստանի զինված ուժերում պահեստային բանակ կձևավորվի. Շոյգու