ԱՄՆ–ն պատրաստ է անցկացնել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլը. Պատել

Վեդանտ Պատել
Պատելի կարծիքով` քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը, անարդյունավետ են այն ժամանակահատվածում, երբ կողմերի բանակցությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շատ շուտով ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Հարցին, թե ինչպես է ԱՄՆ արտգործնախարարությունն արձագանքում սահմանին հնչող կրակոցների մասին հաղորդագրություններին, Պատելը նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել կողմերին բանակցությունների համար` հաշվի առնելով այն, որ նրանք պատրաստ են աշխատել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի համար։
«Մենք հիմա էլ կարծում ենք, որ քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը, անարդյունավետ են այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Այսպիսով` մենք կշարունակենք զբաղվել այդ հարցով և անհամբերությամբ սպասում ենք մեզ մոտ բանակցությունների հերթական փուլին»,– հայտնել է Պատելը։
Նա կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը` ուղիղ երկխոսությունը շատ կարեւոր է հարցերի լուծման և երկարատեւ ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ-ն վերջերս ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Փետրվարին Մյունխենում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Բացի այդ, հունիսի 12-ին Վաշինգտոնում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այն Բաքվի խնդրանքով հետաձգվել է:
ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները տեղափոխվել են ժամանակացույցի խնդրի պատճառով. ԱՄՆ պետդեպ