Վարչապետի ելույթը, ըստ երևույթին, կդառնա խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության հիմքը

Նիկոլ Փաշինյան
Դժվար է չհամաձայնել ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, սենատոր Ջոնսոն Հայրամի հետ, որը ժամանակին փաստել է. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»։
Sputnik
Իսկապես, գրեթե երեք տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, իսկ մենք այդպես էլ չիմացանք ճշմարտությունը, թեև արդեն մեկուկես տարի է, ինչ գործում է այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը։ Սակայն անկեղծ լինենք՝ Հայաստանում, կարելի է ենթադրել նաև Արցախում և Սփյուռքում երբեք էլ առանձնապես մեծ ակնկալիքներ չեն ունեցել այդ հանձնաժողովից։ Եվ դա լիովին հասկանալի է։
Չգիտեմ, ինչպես ավելի մեղմ արտահայտվեմ պառլամենտական այդ կառույցի մասին, բայց ախր ակնահայտ է, որ հանձնաժողովն ի սկզբանե նպատակ չի ունեցել արձագանքել հանրությանը հուզող հարցերին, գերիշխող տրամադրություններին և մտավախություններին։
Այն հիմա կազմված է միմիայն իշխող ուժի ներկայացուցիչներից, բոլոր ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել նրա աշխատանքներին։ Այսինքն, սա մեր Ազգային ժողովի մանրակերտն է՝ այն տարբերությամբ, որ խորհրդարանում գոնե ընդդիմությունը ներկա է, թեև ոչինչ չի որոշում, հանձնաժողովում ընդդիմություն, այլընտրանքային կարծիք, անհամաձայնություն ընդհանրապես գոյություն չունի։
Պլյուս դրան բոլոր նիստերը մինչև հիմա դռնփակ էին, ինչը փորձում են բացատրել գաղտնի տեղեկությունները չհրապարակելու անհրաժեշտությամբ, սակայն փաստն այն է, որ հատուկ հանրությանը բազմակողմանի և լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու համար ստեղծված մարմինը անում է ճիշտ հակառակը՝ բացարձակ ոչինչ չի ասում ժողովրդին պատերազմի հանգամանքների մասին։ Է, կներեք, ազնվություն ունեցեք և անունը դրեք ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող, այլ պատերազմի հանգամանքները թաքցնող հանձնաժողով։
Ու հանկարծ ամեն ինչ արմատապես փոխվում է՝ գալիս է վարչապետը և ոչ թե բոլոր մնացած հրավիրվածների նման պատասխանում է հանձնաժողովականների հարցերին, այլ երեքժամանոց ելույթ է ունենում, որի ընթացքում նրան ոչ ոք չի ընդհատում, չի հիշեցնում նախկին ասածները, չի հակաճառում։ Եվ այդ ամենը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Լավ, բա ուր են բարձրաստիճան զինվորականները, որոնց նա նախատում է ռազմական գործողությունների մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկավտություն փոխանցելու մեջ, ուր են նախկինները, որոնց նա հերթական անգամ մեղադրում է կարգավորման գործընթացը տապալելու մեջ։ Այսինքն, իդեալական պայմաններ՝ ինչ կուզեմ կասեմ, ինչպես կուզեմ կներկայացնեմ կատարվածը, ինչ մեղադրանք ուզեմ կշպրտեմ ցանկացածի երեսին՝ ձեն-ծպտուն չկա։
Գիտեմ, հիմա որոշ մարդիկ կհարցնեն՝ իսկ ինչ է՝ ճիշտ բաներ չէ՞ր ասում վարչապետը։ Իհարկե, ասում էր։ Օրինակ։ Հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը։ Այո, հնարավոր էր, եթե նախկինները կարողանային խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։
Իրոք, եթե որևէ մեկը կասի, որ մարդիկ կռիվ են անում ու սպանում իրար հարցը վերջնականապես լուծելուց և միմյանց ձեռքը սեղմելուց հետո, թող առաջինը քար նետի ինձ վրա։ Կամ՝ շատ վատ էր, որ Արցախը դուրս մղվեց բանակցություններից։ Եթե որևէ մեկը կասի, թե ղարաբաղցիների դուրս մղումը դրական երևույթ էր, թող երկրորդ քարը նետի ինձ վրա։ Չշարունակեմ, իսկապես՝ լիքը հետաքրքիր ու ճիշտ բաներ հնչեցին վարչապետի հանգամանալից ելույթի ընթացքում։ Բայց կարևորը դա չէր։
Հիշո՞ւմ եք խորհրդային տարիներին նկարահանված «Զգուշացիր ավտոմեքենայից» հրաշալի կինոնկարի այն դրվագը, երբ քննիչ Պոդբերյոզովիկովը դատարանում ասում է. «Դետոչկինն, իհարկե, մեղավոր է, բայց նա… մեղավոր չէ»։ Ինձ թվում է՝ խորհրդարանական հանձնաժողովում տեղի ունեցածի հիմնական ենթատեքստը հենց սա էր. «Վարչապետն, իհարկե, մեղավոր է, բայց նա… մեղավոր չէ»։ Չգիտեմ, արդյոք դուք ուշադրություն դարձրիք այն հանգամանքին, որ ծավալուն ելույթի մի զգալի մասը նվիրված էր պատերազմը դադարեցնելու հնարավորությանը և Շուշիի գրավմանը։ Պարզ է, չէ՞, թե ինչու։ Հենց այդ դրվագներն են վարչապետի հասցեին մինչև հիմա շարունակաբար հնչող հիմնական մեղադրանքների թիրախը։ Այսինքն, վարչապետի այս ելույթը վերջնական ինքնամաքրման հիմնարար փորձ էր։
Խելոք մարդու հատկանիշները՝ ըստ ժողովրդի և ըստ մասնագետների
Ու նաև թույլ տվեք կանխատեսել, որ այս ելույթի դրույթներն են ընկած լինելու խորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ փաստաթղթի հիմքում։ Ավելին, քանզի այդ ելույթում հանգամանորեն ամփոփվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ողջ 30-ամյա պատմությունը, շատ հնարավոր է, որ առնվազն ելույթի հիմնական դրույթները շուտով կհրատարակվեն առանձին գրքույկով, միգուցե նույնիսկ տեղ կգտնեն դպրոցական դասագրքերում։
Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը. «Պատմությունն իմ հանդեպ բարյացակամ է լինելու, քանզի ես ինքս եմ գրում պատմությունը»։