Մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ. Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին

ՀՀ առողջապահության նախարարը շեշտել է, որ պետք է միասնական ուժերով ստեղծել մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` բուժաշխատողների իրավունքները։
Sputnik
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բոլոր բուժաշխատողներին` մաղթելով նոր ձեռքբերումներ։ Այս մասին Ավանեսյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա ընդգծել է, որ այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց բուժաշխատողներինն է։
«Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները»,– նշել է Ավանեսյանը։
Նախարարը բոլոր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, վստահեցրել է` առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է նրանց իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։