ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Տեղեկությունը հայտնում է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը։
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արմեն Հարությունյանին։
Այնուհետև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները Արմեն Հարությունյանին ներկայացրել են այգու աշխատակիցներին։
Այգու նոր ժամանակավոր պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։
Հիշեցնենք, որ 2022 թ. մարտի 29–ին ևս քաղաքապետարանը Երևանի կենդանաբանական այգու համար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել, այդ անգամ` Էդմոն Ղազարյանին։
Իսկ ավելի վաղ` 2019-ի նոյեմբերին, այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատվելուց հետո, ԺՊ էր նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը, ապա Արևիկ Մկրտչյանը։
Հավելենք, որ կենդանիների անկման տարօրինակ դեպքերի հետ կապված` 2018 թվականից այգու աշխատակիցները ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացնում։
Վերջին անկման դեպքը գրանցվել էր փետրվարի 15-ին։ Կենդանաբանական այգու յագուարի սատկելու լուրը հայտնել էր անձամբ տնօրենի ԺՊ–ն։