Բացահայտվել է 850 տոննա շաքարավազի և 61 տոննա հնդկաձավարի ապօրինի վաճառք. ՊԵԿ

Արխիվային լուսանկար
ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայտնաբերվել է 850 տոննա շաքարավազի և 61 տոննա հնդկաձավարի ապօրինի վաճառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը։
Պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերությունը 2020-2023թթ-ի ընթացքում ՌԴ–ից ՀՀ ներմուծված ապրանքը վաճառելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների` դուրս չի գրել հաշվարկային փաստաթղթեր։
Հանցավոր արարքը քողարկելու համար տվյալ ընկերության տնօրենը կազմել է ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ:
Ապրանքների մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։
Ուշագրավ է, որ ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։
ՊԵԿ–ից հայտնում են, որ պարզվել է նաև, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:
Մաքսային պահեստում մեքենաների կուտակում կա. ՊԵԿ-ը թանկացնում է վարձավճարները
Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ: