ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ոստիկանական համակարգի բարեփոխումները բերելու են ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այս մասին ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի միջոցառմանը
«Լինելու է աշխատավարձերի բարձրացում, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկում: Այն ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու։ Գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով»,– հայտարարել է նա։
Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաջորդ տարի ոստիկանության զորքերը կվերածվեն ոստիկանության գվարդիայի, բայց հավելել է` կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ, սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:
Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ
«Կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև, ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ»,– ասաց նա։
Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի միջոցառումը
Երկրորդ փոփոխությունը, որ արվելու է` ոստիկանության զորքերի ստորաբաժանումների տեղակայումն է մարզերում։ Վարչապետը ներկայացրեց, որ ստեղծվելու են մարզերի որոշակի խմբեր, որոնց համար կնախատեսվի ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն ոստիկանության գվարդիայում այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, զինված ուժերում, պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես ոստիկանությունում»,– ասել է նա։
Կառավարության ղեկավարն այսօր այցելել է նաև Հավերժության պուրակ, որը հիմնվել է ի հիշատակ ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: