ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի իշխանությունները հերքել են լուրն այն մասին, թե Արաքս գետն աղտոտվում է Մեծամորի ԱԷԿ-ի թափոններով։ Տեղեկությունը հաղորդում է «Իրնա» գործակալությունը։
Իրանի միջուկային կարգավորման վարչությունը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանի հյուսիս-արևմուտքում ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել:
Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը ստուգվում է տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի միջոցներ։
Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների կարծիքով` Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և ոչ մի հավանականություն չկա, որ այդ կայանի կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ռադիոակտիվ աղտոտման պատճառով (ամենայն հավանականությամբ Հայաստանից) Իրանի հյուսիսում ավելացել է քաղցկեղային հիվանդությունների թիվը: