«Ադրբեջանը պարտավոր է ապացուցել, որ խաղաղության է ձգտում». Նատալի Լուազո

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազո
Լուազոն վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Նա նաև ուղերձով դիմեց Բաքվում հավատարմագրված դեսպաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ խաղաղության է ձգտում։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Նա նշեց, որ ԵՄ–ն ջանքեր է ներդնում, որպեսզի ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարության միջև շփումն ավելի դյուրացվի։
«Վերջին այդօրինակ շփումը տեղի ունեցավ Քիշնևում` ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի լարվածությունը նվազի, և ՀՀ–ում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի դրան»,–ասաց Լուազոն։
Նրա խոսքով` ժամանակն է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի։
«Ինչպես գիտեք, պատերազմ սկսելու համար ընդամենը մի երկիր է պետք, բայց դադարեցնելու համար պետք է երկու երկրների բարի կամքի դրսևորում»,– եվրոպացի պաշտոնյան։
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազո
Լուազոն միաժամանակ վերահաստատեց Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը` Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։
«ԼՂ հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանության արժանանան։ Եվ ՀՀ ինքնիշխանությունը պետք է հարգանքի արժանանա»,–ընդգծեց նա։
Լուազոն նաև ուղերձ հղեց Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին` եթե Ադրբեջանը նրանց հրավիրի այցելել ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերն ընդունելուց` հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելել է Սյունիք։
«Մենք Հայաստանի կողքին ենք». Ֆրանսիայի արտգործնախարարը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում