ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է հղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին անդամ երկրների քայլերի և դրանց պատասխանելու հնարավորությունների մասին։ Գևորգյանին հետաքրքրում էր, թե ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։
«Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը»,– հարցրել է նա։
Նա իր հարցում հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը և տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։
«Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է»,– ի պատասխան ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ու հավելել, որ կոմիտեն լի է վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիաներին։
Նա հայտնել է, որ կոմիտեի նախագահության դերում ընդհանուր մի սկզբունք կա, այն է միջազգային իրավունքի նորմերը։ Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր անդամ պետություն, պահպանի այդ նորմերը:
Ռինկևիչը հավելել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները նույնպես պետք է ի կատար ածվեն։