ՀԱՊԿ-ում ուզում են կրճատել մասնակիցներին օգնելու մասին որոշումների ընդունման ժամկետները

Իմանգալի Տասմագամբետով
Ժամկետների կրճատման նախաձեռնությունը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ ազգային մակարդակով որոշումների կայացման մեխանիզմներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները նախատեսում են նվազագույնի հասցնել միավորման մասնակիցներին օգնություն ցուցաբերելու մասին որոշումների մշակման և ներդրման ժամկետները: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։
«Պատրաստվել է փաստաթղթերի նորացված փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին հիմնադրույթում ու Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ հավաքական որոշումների ընդունման և իրականացման կարգի մասին հիմնադրույթում: Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը վերաբերում է խորհրդի (ՀԱՊԿ Հավաքական անվտանգության. խմբ.) համապատասխան որոշումների մշակման, քննարկման, ընդունման ու իրագործման ժամկետների նվազեցմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ պետություններին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ ԱԳՆԽ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին. Ալեյնիկ
Նրա խոսքով՝ ժամկետների կրճատման առաջարկը վերաբերում է ինչպես գլխավոր քարտուղարի, կանոնադրական և մշտական աշխատանքային մարմինների գործողություններին, այնպես էլ ազգային մակարդակով որոշումների կայացման մեխանիզմներին:
Տասմագամբետովը նշել է, որ մեկ այլ կարևոր նախաձեռնություն է ուժերի և միջոցների արտակարգ կիրառման հայեցակարգի ներդրումը, Հավաքական անվտանգության խորհրդից մի շարք գործառույթների փոխանցումը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին: Բացի այդ, ներդրվում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության հայեցակարգը։
Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի ձևաչափով քննարկումից հետո փաստաթղթերը՝ դրանցում կատարված փոփոխություններով և լրացումներով, ապրիլին ուղարկվել են կազմակերպության անդամ պետություններ՝ քննարկման, և քարտուղարությունն արդեն տեղեկություն է ստացել Բելառուսի և Ղրղզստանի դիրքորոշումների մասին:
ՀԱՊԿ-ին պետք չէ որևէ մեկին հակադրվող դաշինքի կարգավիճակ տալ. Լավրով
Այդ կապակցությամբ Տասմագամբետովը խնդրել է արագացնել փաստաթղթերի քննարկման ընթացակարգը, քանի որ դրանց համաձայնեցված նախագծերը պետք է ներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում՝ կազմակերպության մյուս կանոնադրական մարմինների նախնական հավանությամբ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այդ փաստաթղթերը ռազմավարական բնույթ ունեն և մեծ ուշադրություն են պահանջում:
Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով