«ԵՄ դիտորդները նպաստում են ավելի անվտանգ տարածաշրջան ունենալուն». ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ
Արմեն Գրիգորյանը Նատալի Լուազոյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում նպաստում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն: Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը»,–ասել է Գրիգորյանը Լուազոյին` այդ համատեքստում ընդգծելով, որ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում։
Լուազոն էլ նշել է, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել, մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ՀՀ–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Միրզոյանը նշեց պատճառը