Դասագիրքը կարևոր է, բայց դրանից պետք չէ կառչել. ԿԳՄՍ նախարար

Ովքեր օգտվել են հունվարին քննություն հանձնելու հնարավորությունից, երկրորդ փուլում ավելի պատրաստ են գալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Դիմորդներին 2 անգամ քննություն հանձնելու հնարավորություն տալը դրական դինամիկա է ցույց տվել։ Այսօր «Հայոց լեզու» առարկայի միասնական քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հոգեբանական լարվածության տեսանկյունից դրական ազդեցություն ունի այս հնարավորությունը, սթրեսն ավելի քիչ է»,- նշեց նախարարը։
Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները
Ըստ նրա՝ հունվարի համեմատությամբ ցուցանիշների բարելավում կա, նրանք, ովքեր արդեն մեկ անգամ քննություն հանձնել են, ավելի պատրաստ են գալիս հունիսի քննությանը։
«Օրինակ, ես հիշում եմ «Քիմիա»առարկայի ցուցանիշները։ Հունվարին 18-20 միավոր, այսինքն՝ գերազանց, 7 տոկոսն էր ընդամենը ստացել, իսկ հունիսին արդեն` 14 տոկոսը։ Անբավարար մոտ 37 տոկոսն էր ստացել, իսկ երկրորդ փուլում՝ մոտ 25 տոկոսը»,- ասաց Անդրեասյանը։
Հունվարին մտահոգիչ են եղել նաև «Հայոց լեզու» առարկայի քննության արդյունքները. ընդամենը մի քանի դիմորդ է գերազանց ստացել։
Նախարարի կարծիքով՝ կայուն արդյունքի համար դպրոցի բովանդակային ռեֆորմ է պետք։ Դա նաև դասագրքերին է վերաբերում։ Ըստ նրա՝ ավելի քան 10 տարի բովանդակային առումով նոր դասագրքեր գրելու մրցույթներ չէին արվել։ Հիմա հենց աշխատում են նոր չափորոշիչներով դասագրքերի ստեղծման ուղղությամբ, փորձաքննության փուլում են։
«Կարծում եմ՝ նաև ժամանակի հարց է, որ մեզ մոտ ձևավորվի որակյալ դասագիրք գրելու ավանդույթ։ Իսկ դասագիրք գրելը շատ բարդ է ոչ միայն գիտականության տեսանկյունից, այլև մեթոդական ձևավորման, հոգեբանության։ Մի ամբողջ թիմ պետք է աշխատի, էլ չասեմ հետազոտական ինստիտուտ»,-հավելեց Անդրեասյանը։
Նախարարը վստահ է, որ որակյալ դասագրքի համար թիմերն անընդհատ պետք է աշխատեն, կատարելագործեն դրանք։ Անդրեասյանը չի կարծում, թե հենց առաջին փուլով ստանալու են այն, ինչ պատկերացնում և ցանկանում են։ Միաժամանակ շեշտում է, որ ժամանակակակից դպրոցում դասագիրքը գնալով կորցնում է նշանակությունը։
Ըստ նրա՝ զարգացած երկրներում, հատկապես ավագ դպրոցում, դասապրոցեսը մեկ դասագրքի շուրջ չեն կառուցում, որ աշակերտն ավելի լայն գիտելիքներ ստանա։
Միասնական քննությունների առաջին փուլին սպասվածից ավելի դիմորդ է հայտագրվել. Նասիբյան
«Դասագիրքը կարևոր է, բայց դրանից պետք չէ կառչել»,- շեշտեց նախարարը։
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 7-ին կառավարության նիստում բուհերում միասնական քննություն հանձնելու նոր կարգավորում ընդունվեց, ըստ որի՝ դիմորդը կարող է քննություն հանձնել 2 անգամ։ Ըստ նոր կարգի` դիմորդները դեկտեմբերին սկսում են հայտագրել միասնական 2 քննություն։
Առաջին անգամ դիմորդները միասնական քննություն հանձնեցին 2023 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը: Երկրորդ անգամ նրանք միասնական քննություն են հանձնում հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: