ԱՄՆ-ն և ԵՄ-ն միայն ցանկանում են ընդլայնվել դեպի հարավկովկասյան տարածաշրջան. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Մոսկվան անկեղծ երկխոսություն է վարում Երևանի և Բաքվի հետ, այդ թվում՝ Արևմուտքի իրական մտադրությունների առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում օգնել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում, այլ միայն ձգտում են ներթափանցել տարածաշրջան և դուրս մղել Ռուսաստանին այնտեղից։ Այս մասին ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Մինսկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հիմքեր դրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին կանգնեցվեց պատերազմը։ Այնուհետև ընդունվեցին ևս մի քանի եռակողմ բարձր մակարդակի հայտարարություններ, որոնք վերաբերում են լիարժեք կարգավորման քայլերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի և ընդհանրապես Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Լավրովի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ այլ միջազգային խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում։ Գլխավորն այն է, որ նրանք հետապնդեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների և պետությունների շահերի հավասարակշռությունն արտացոլող համաձայնագրերի ապահովման նպատակ։
«Ցավոք, այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մենք այլևս չենք տեսնում համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը դուրս մղելու ցանկություն։ Նրանք ցանկանում են ինքնահաստատվել որպես ինչ-որ ուժ, որը այնտեղ գրեթե որոշիչ դեր է խաղալու»,- ասել է նախարարը։
Լավրովն Արևմուտքի պահվածքն անվանել է ընդլայնվելու ցանկություն դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի անդամների, Եվրամիության սահմաններից։ Եվ դա քիչ է առնչվում իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ: Արտգործնախարարը հույս ունի, որ դա հասկանում են Երևանի և Բաքվի գործընկերները։ Նրա խոսքով` Ռուսաստանը նրանց հետ անկեղծորեն քննարկում է, թե ինչ է կատարվում։ Նա ընդգծել է, որ ամբողջական կարգավորման հասնելը հնարավոր է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված բոլոր հայտարարությունների իրագործմամբ։