Վայոց Ձոր։ 28 կմ ճանապարհ, 4 լեռնագագաթ։ Այս երթուղով Հայաստանում առաջին անգամ խաղարկվեց լեռնարշավային գավաթը։ Կազմակերպիչը «Բարձունք» ՀԿ–ն է, որի նախաձեռնությանը միացավ 9 թիմ։ Պայմաններ սահմանվեցին` թիմում պետք է լինի 6 անդամ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Յուրաքանչյուր լեռնագագաթի պետք է հասնեն թիմի բոլոր 6 անդամները` առանց բացառության, և ամբողջ երթուղու ընթացքում չպետք է տրանսպորտային որևէ միջոց օգտագործվի։
Ինչո՞ւ ու ինչպե՞ս
«Բարձունք» ՀԿ–ն ձևավորվեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադիրները վերադարձան սահմանագծից ու հասկացան` մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելու համար սովորական մարդիկ նույնպես պետք է իրենց ջանքերը համադրեն։ Ամբողջությամբ կամավոր հիմունքներով գործող կազմակերպությունը հիմնականում ուժերը նպատակուղղեց կրթական ծրագրերի իրականացմանը։ Այդպես էլ որոշեցին լեռնարշավային գավաթ խաղարկել, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն կճանաչեն մեր հայրենիքը, այլև ֆիզիկապես կկոփվեն, կբացահայտեն սեփական կարողությունները։
«Գավաթի նպատակը լեռնային կյանքը Հայաստանում զարգացնելն է։ Մենք` հայերս, հազարամյակների ընթացքում ձևավորվել ենք հենց լեռների մեջ, լեռներն են մեզ դարձրել այսպիսին։ Այսօր նրանք ավելի քան մեր կարիքն ունեն»,-ասում է «Բարձունքի» առաջնորդների խորհրդի անդամ Ալեքսանդր Մելիքյանը։
Նա պատմեց, որ երթուղին ընտրել են` հաշվի առնելով տեղանքի կլիման, լանդշաֆտը. խոտերը Վայոց Ձորի լեռներում շատ բարձր չեն, այստեղ ոչ ցուրտ է, ոչ շոգ։
«Մեր երթուղու եզրափակիչ գագաթը Սպիտակավոր եկեղեցու մոտ ընտրեցինք։ Ու այստեղ խորհուրդ կա. այնտեղ Նժդեհի գերեզմանն է, ներկա իրավիճակում սա ուղերձ է նաև»,–ասաց Ալեքսանդրը
Ալեքսանդր Մելիքյան
© Sputnik / Aram Nersesyan
«Բարձունքի» նախաձեռնությանը սիրով արձագանքեցին ոչ միայն արշավային, այլև ռազմամարզական ակումբները, ինչպես, օրինակ, ՈՄԱ–ն, «Ազատազէնը»։
«Սա մարզում է, թեպետ, իհարկե, մրցումն էլ հետաքրքրությունն ավելացնում է. պատերազմին մասնակցելիս նման բաներ պետք է իմանալ։ Միայն խրամատը պահելով` հայրենիքն ավելացնել, կորցրածը հետ բերել չի լինում։ Լինում է, լավագույն դեպքում, միայն չտալ»,–ասում է «Ազատազէն» ՌՀԿ համահիմնադիր Իշխան Գևորգյանը` բացատրելով, թե ինչու որոշեցին թիմով մասնակցել գավաթի պայքարին։
Իշխան Գևորգյան
© Sputnik / Aram Nersesyan
Իշխանը վստահ է` Հայաստանում շատերը պետք է նման բաներով զբաղվեն, որովհետև սա ոչ միայն մրցակցության փորձ է տալիս, այլև ուժեղացնում է, պատրաստում հնարավոր մարտական գործողություններին։
Հաղթողներն ու ճակատագրական 12 րոպեն
Մրցույթն ավարտվեց, երբ 9 թիմից 3–ն արդեն հաղթահարել էին նախանշված բարձունքները։
Երրորդ տեղում «Խարույկ» արշավային ակումբն է։ Մրցանակը ռադիոկապի միջոցներ են։
Երրորդ տեղը գրաված «Խարույկ» արշավային ակումբի անդամները
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր մասնակցելու նպատակը ինքներս մեզ հաղթահարել սովորելն է։ Պահ է գալիս, որ թվում է` այլևս քայլ դնել չես կարող, բայց հաջորդ քայլն էլ ես անում, ու դա քեզ ուժեղացնում է»,– ասում է ակումբի ուղեկցորդ Նարե Դավթյանը։
Նարե Դավթյան
© Sputnik / Aram Nersesyan
Լեռնարշավի ֆավորիտներից համարվող «North Peak»–ը երկրորդը վերջնակետ հասավ` որպես մրցանակ ստանալով GPS սարք։
«North Peak» թիմը
© Sputnik / Aram Nersesyan
«Մեզ աչքով տվեցին»,– կատակում է թիմի ղեկավար, ակումբի հիմնադիր Սամվել Մանուկյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ ընդամենը 12 րոպե տարբերությամբ առաջինը վերջնակետին հասավ այլ ակումբ։ Իսկ ավելի լուրջ, ասում է, մրցակցությունը շատ ուժեղ էր։ Թեպետ իրենք թիմակիցներով հաղթահարել են Հայաստանում Արագածը, Աժդահակը, Արամազդը, Խուստուփն ու մյուս բարձունքներն ու Արարատը, Վրաստանում` Կազբեկը, Ռուսաստանում` Էլբրուսը, Իրանում` Դեմավենդը, բայց այստեղ հաղթեցին նրանք, ովքեր ավելի ուժեղ էին, պատրաստված։
Սամվել Մանուկյան
© Sputnik / Aram Nersesyan
«Սա մեր հնարավորությունների բացահայտում էր, որովհետև սարերում երբ քայլում ես, դու ես որոշումը և՛ քո ժամանակը, և՛ քո երթուղին, ժամանակը չես էլ զգում։ Իսկ հիմա հասկացանք, որ ժամանակ կա, ու արդար մրցակցության արդյունքում նաև մեր բացերն իմացանք, հասկացանք` կատարելագործվելու տեղ ունենք»,– ասում է ուղեկցորդ Նորայր Հարությունյանը։
Նորայր Հարությունյան
© Sputnik / Aram Nersesyan
Դե, իսկ լեռնարշավային գավաթը նվաճեց «Hiking with friends» ակումբը, մրցանակ` դրոն։ Հաղթողները երթուղին անցան ռեկորդային 5 ու կես ժամում։ Թիմի առաջնորդ Վրեժ Բադալյանն ասում է` գիտեին, որ մրցակցությունն ուժեղ է լինելու, դրա համար էլ լավ պատրաստվել էին։
Լեռնարշավի մասնակիցները Վայոց Ձորի լեռներում
© Sputnik / Aram Nersesyan
«North Peak»–ի հետ ուժեղ ու շատ սիրուն ստացվեց մրցակցությունը, ամբողջ երթուղու ընթացքում 7-8 րոպե տարբերությամբ էինք քայլում»,– պատմում է Վրեժը։
Վրեժ Բադալյան
© Sputnik / Aram Nersesyan
«Հանգստանալ չկա, հաց ուտել չկա, Վրեժը մեկ բանան է կերել, ես` երկուսը»,– ընկերոջ խոսքը շարունակում է թիմակից Սարգիս Կևեյանը։
Վրեժն ընդգծում է` հաղթանակը թիմային էր, արշավի ընթացքում եթե թիմից մեկը դժվարանում էր բարձրանալ, մյուսներն օգնում էին։
«Արշավները մեր մեջ կարևոր կողմ են կոփում. սովորեցնում են ձգտող լինել։ Նպատակ ես սահմանում ու գնում դեպի այդ նպատակը։ Վերջին 10 կիլոմետրին մեր ոտքերն այլևս չէինք զգում, բայց քայլում էինք, որովհետև նպատակ կար»,– հավելում է Սարգիսը։
Սարգիս Կևեյան
© Sputnik / Aram Nersesyan
Արշավորդ տղաներն ասում են` մրցաշարի հիմքում դրված ամենակարևոր գաղափարն այն է, որ լեռնագնացությունն ու տուրիզմը զարգանան, մենք էլ մեր լեռները լավ ճանաչենք։ Հայաստանի բնակչության համար սա կարևոր է, ու հարցը միայն ժամանցը չէ. լեռները պետք է լավ իմանալ նաև ինքնապաշտպանության նպատակով։ Մեր երկրի աշխարհագրական դիրքն է այդպիսին։
Կազմակերպիչներն ու մասնակիցները հույս ունեն, որ հաջորդ տարի մրցաշարն ավելի մեծ է լինելու, մասնակից թիմերն էլ` մի քանի անգամ շատ։