Երասխի գործարանի մոտ կբարձրացվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները. տեղափոխման հարց չի քննարկվում

GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը
Հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում հունիսի 20-ին կբարձրացվեն Հայաստանի ու ԱՄՆ-ի դրոշները։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գործարանի սեփականատեր, GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը։
«Վաղը նախատեսում ենք այդպիսի միջոցառում ունենալ։ Դա ուղղակի ի ցույց դնելու համար է, նաև` դիմացի հարևան ոչ բարեկամներին, որ մենք միջազգային ներդրում ենք կատարել։ Հույս ունենք, որ դա որոշակի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Բայց շատ մեծ անվտանգային հույսեր էլ չենք կապում, ուղղակի փաստն ենք ի ցույց դնում, որ մենք հայ–ամերիկյան համատեղ ընկերություն ենք` Հայաստանում գործող, ամերիկյան կապիտալով»,– ասաց Հակոբյանը։
Ընկերության տնօրենը հայտնեց նաև, որ այսօր առավոտից ադրբեջանական ԶՈւ–ն դարձյալ մի քանի անգամ կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։
«Մարդկանց չեն թիրախավորում, բայց տեխնիկայի ցանկացած շարժ վերահսկվում է»,– հայտնեց նա։
Այդուհանդերձ, Տիրան Հակոբյանի խոսքով, ներդրողները հաստատակամ են շարունակել նախագիծը կյանքի կոչելու աշխատանքները։ Այդ նպատակով անգամ մի քանի տարբեր սցենարներ ունեն մշակած, որոնք դեռևս չեն ցանկանում բացահայտել` հասկանալի պատճառով։
Ընկերության տնօրենը հայտնեց նաև, որ եթե ամեն ինչ հարթ ընթանա, Երասխի գործարանը հաջորդ տարվա առաջին եռամսյակում արդեն պաշտոնապես կբացվի։
Գործարանը որևէ այլ տարածք տեղափոխելու տարբերակը մշակված սցենարներում այս պահին չկա և չի էլ քննարկվում։ Հակոբյանի խոսքով` քննարկվում են բացառապես աշխատողների աշխատանքային պայմաններն առավել անվտանգ դարձնելու տարբերակները։
Ինչ վերաբերում է գործարանի տարածքում վիրավորված հնդիկ աշխատակիցներին, Տիրան Հակոբյանը հայտնեց, որ նրանք ապաքինվում են ու մոտ օրերս հնարավոր է` դուրս գրվեն հիվանդանոցից։
Նշենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին