ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։
«Թե՛ապաշրջափակման, թե՛ սահմանազատման, թե՛ սահմանների անվտանգության թեմաներով, թե՛խաղաղության պայմանագրի կամ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի քննարկումների պարագայում հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումներ իրականացնել, քանի որ մենք շահագրգռված ենք այս բոլոր երեք ուղղություններով արդյունքներ գրանցելուն։ Այս պահին դեռ որևէ արդյունք չկա»,– հայտարարեց նախարարի տեղակալը։
Ըստ նրա` եթե մինչ օրս մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։ Կոստանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հարցերը, պետք է որոշվեն ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։
«ՀՀ–ն միշտ շահագրգռված է եղել և կառուցողական է եղել` իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում ենթակառուցվածքների և տրասնպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ հայկական խաչմերուկ ծրագիրը մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,– ընդգծեց Կոստանյանը։
Ըստ նրա` թե՛ ՀՀ սուվերեն տարածքի վրա կրակոցները, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ–ում, միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարություները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: