Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 5-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ։
Շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք։
Ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով:
Նշենք, որ Արթուր Գևորգյանը 2009-2012թթ. եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։
Բռնագանձման գործերով կարող են զբաղվել նոտարները. կառավարությունը բեռնաթափում է դատարանները