Աջափնյակի մետրոյի կառուցումը միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլում է. Ավինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը
Շուտով կհայտարարվի նաև «Սուրմալուի» տարածքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հասել է Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլին։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա անդրադարձավ նաև «Սուրմալուի» տարածքում նոր կայարանի կառուցմանը ու ասաց, որ շուտով կհայտարարվի կառուցման նախագծի մասին։
«Ենթադրում եմ տեխնիկական առաջարկն արդեն պատրաստ է։ Գնման ընթացակարգի վերաբերյալ առանձին հանձնարարական կֆիքսենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2022թ-ի հոկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ-ին։ Իսկ մինչ այդ ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: