Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի և Գերմանիայի նախագահների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ
Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:
«Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար»,– ասել է Գերմանիայի նախագահը:
Նա մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով:
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ
Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը: