ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք–Գեղարքունիքի մարզ) և հարավարևելյան (Ներքին Հանդ–Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հայկական կողմում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 17–ին, ժամը 18:40-ին նույնպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Իսկ մինչ այդ, օրվա ընթացքում, ՊՆ–ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։