ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ Արտակարգ պարենային հիմնադրամի ստեղծումը թույլ կտա Հայաստանում լուծել այնպիսի մթերքների պակասուրդի խնդիրը, ինչպիսիք են շաքարավազը, հացահատիկը, թռչնամիսը, ինչպես նաև բուսայուղը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպած Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Այնա Կուսաինովան։
Այնա Կուսաինովա
© Sputnik / Vitaliy Belousov
Սոչիում վերջերս կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել էր ձևավորել ԵԱՏՄ արտակարգ պարենային հիմնադրամ այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի կայունացնել իրավիճակը տվյալ ոլորտում:
Կուսաինովան նշել է, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովվածության մակարդակը գյուղմթերքի հիմնական տեսակներով և պարենով շուրջ 67% է կազմում։ Միևնույն ժամանակ, հիմնական տեսակներով ապահովվածությունն իրականացվում է սեփական արտադրության հաշվին։ Դա վերաբերում է մրգերին, բանջարեղենին, կարտոֆիլին, կաթնամթերքին։
Ինչ վերաբերում է այն ապրանքներին, որոնց դեֆիցիտը Հայաստանում որոշակիորեն կա, ապա ներկայում դրանց մատակարարումն իրականացվում է փոխադարձ առևտրի հաշվին։ Այդ ապրանքները (հացահատիկը) հիմնականում Հայաստան են մատակարարում ՌԴ–ն և Ղազախստանը։
Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալը նշել է, որ դեռ նոր ստեղծվող արտակարգ պարենային հիմնադրամում նախատեսվում է երկարատև պահման մթերքներ ներդնել, օրինակ` հացահատիկ, ձիթաբույսեր, Բելառուսի դեպքում դա խորը մշակման մթերքներն են, օրինակ` կարագ, չոր կաթ։ Հայաստանն իր հերթի կարող էր փոխանցել վաղահաս միրգ ու բանջարեղեն։
Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ–Աստանա տեսակամրջի մասնակիցները
© Sputnik / Vitaliy Belousov
Այս փուլում աշխատանք է տարվում նմանատիպ հիմնադրամների ստեղծման համաշխարհային առկա փորձի մանրակրկիտ ուսումնասիրության ուղղությամբ։ Մասնավորապես, ԵՏՀ–ի փորձագետներին հետաքրքրում են հարցեր` կապված ֆինանսավորման աղբյուրների հետ, ինչպես նաև ստեղծման մեխանիզմների, տեղափոխման, գնագոյացման և իրավունքի համապատասխան նորմերի։
Առաջիկայում ԵՏՀ–ն նախատեսում է կողմերի փորձագետների մասնակցությամբ խորհրդատվություն նշանակել, որի ընթացքում առաջարկներ կմշակվեն հիմնադրամի ստեղծման հնարավոր մեխանիզմների վերաբերյալ։
ԵՏՀ–ի ագրարային շուկաների զարգացման բաժնի պետ Անդրեյ Դրոբիշևսկին իր հերթին նշեց, որ Հայաստանում մեծ հեռանկար կա ինչպես սելեկցիայի, այնպես էլ բանջարեղենային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման առումով։
Անդրեյ Դրոբիշևսկի
© Sputnik / Vitaliy Belousov
«Բանն այն է, որ Հայաստանը հայտնի է իր լեռնային տեղանքով, ինչը թույլ է տալիս ունենալ բարենպաստ բուսասանիտարական իրավիճակ վիրուսազերծ տնկանյութի աճեցման համար։ Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանում բանջարեղենի և տեխնիկական բույսերի հիանալի գիտական կենտրոն է գործում, կարծում եմ` հեռանկարներ կան։ Ի դեպ, կարելի է հավելել, որ ամեն տարի մենք առնվազն 10 մլն դոլարի սոխ ենք ներկրում», – ընդգծել է Դրոբիշևսկին։
Նրա խոսքով` վերջին տարիներին ԵԱՏՄ երրորդ երկրներից սերմերի ներմուծումը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ Ներմուծումից առավել մեծ կախում ունեն արևածաղկի, եգիպտացորենի և ճակնդեղի սերմերը։ Բացի այդ, շուրջ 200 մլն դոլար բաժին է հասնում պտղատու տնկիներին և բանջարեղենային մշակաբույսերի սերմերին։