ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսական Ուրայ և Սեստրորեցկ քաղաքները և Մեղրին ու Գորիսը քույր քաղաքներ կդառնան։ Համապատասխան համաձայնագրեր կնքելու մտադրության մասին արձանագրությունն այսօր ստորագրվեց Կապանում քաղաքների վարչակազմերի ներկայացուցիչների միջև։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ուրայն ու Մեղրին քույր քաղաքաներ կդառնան. Քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին արձանագրության ստորագրում
© Sputnik / Aram Nersesyan
Արձանագրությունը ենթադրում է ճանապարհային քարտեզի և միջոցառումների պլանի ստեղծում, որոնք կողմերը պետք է իրականացնեն մինչ համաձայնագրի կնքումը։ Ակտիվ աշխատանքներ են ընթանում քաղաքների միջև կապեր հաստատելու ուղղությամբ:
Սեստրորեցկի վարչակազմի ղեկավար Անդրեյ Իվանովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կարևորեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ ստորագրված փաստաթուղթը։
«Մենք այցելեցինք Գորիս, որի հետ ցանկանում ենք համաձայնագիր ստորագրել։ Հետագայում կմշակվի համագործակցության ճանապարհային քարտեզ։ Սկզբնական փուլում խոսքը մշակութային և տնտեսական փոխգործակցության մասին է»,- ասաց Իվանովը։
Նրա խոսքով՝ երկու քաղաքներն էլ հպարտանալու և ցուցադրելու բան ունեն։ Իվանովը հիշեցրեց, որ Սեստրորեցկը «Սանկտ Պետերբուրգի թոքեր» են անվանում։ Ֆինլանդիայի ծոցի ափին գտնվող քաղաքում զարգացած է առողջարանային հանգիստը։
Ուրայ քաղաքի ղեկավար Թիմուր Զակիրզյանովն իր հերթին նշեց, որ քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր է կնքել իր մրգերով, մեղրով, արևով հայտնի Մեղրիի հետ:
«Սա համագործակցության ևս մեկ ուղղություն է, եթե հնարավորություն լինի այս ամենը ներկրել, մենք կարող ենք Ուրայում «Մեղրիի պարգևներ» խանութ բացել։ Բացի այդ, հնարավոր են մշակութային փոխանակման տարբերակներ»,- ասաց Զակիրզյանովը։
Նա հիշեցրեց, որ Ուրայը գտնվում է Արևմտյան Սիբիրում, և հենց այս քաղաքում է հայտնաբերվել արևմտյան Սիբիրի նավթը, որը նրա այցեքարտն է դարձել։
Սեստրորեցկ և Գորիս քաղաքները քույր քաղաքաներ կդառնան
Քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին արձանագրության ստորագրում
© Sputnik / Aram Nersesyan
Համագործակցություն հաստատելու մտադրություն ունի նաև Զլատոուստ քաղաքը՝ Քաջարանի հետ։ Ինչպես Sputnik Արմենիային ասաց Զլատոուստի քաղաքային շրջանի ղեկավար Մաքսիմ Պեկարսկին, պատվիրակությունն արդեն հանդիպել է Քաջարանի քաղաքապետի հետ։
«Դա նախնական հանդիպում էր, մենք հետագա համագործակցության մտադրություն ենք հայտնել։ Մենք՝ Զլատոուստը, քույր քաղաք ունենք Հայաստանում՝ Ծաղկաձորը, որի հետ համագործակցում ենք 2017 թվականից։ Միանգամայն հնարավոր է, որ Քաջարանի հետ համաձայնագիր կնքվի օգոստոսին»,- ասաց Պեկարսկին։
Առաջիկայում կնախապատրաստվի քաղաքի ձեռնարկությունների և հնարավորությունների մասին ռեֆերենս-ցուցակ, որը հետագայում կներկայացվի Քաջարանում: Պեկարսկին հիշեցրեց, որ Զլատոուստն արդյունաբերական քաղաք է, որտեղ զարգացած են մետաղագործությունը, մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը։
Միաժամանակ քննարկվում է Կապանի և Մոսկվայի վարչական միավորներից մեկի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը։