Անցած տարվա ընթացքում ռուսաստանյան արտադրողներն ապրանքային նշանների գրանցման ավելի քան 90 հազար հայտ են ներկայացրել: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ընտրել ենք ազատ ձեռներեցության ընդլայնման ուղին և միանգամայն ճիշտ ենք վարվել։ Հիմնական արդյունքը բազմազգ կորպորացիաների փոխարինումն էր, որոնք հեռացան մեր շուկայից։ Մենք երբեք ոչ մեկին չենք վռնդել, գործընկերներից յուրաքանչյուրն ընտրության իրավունք ուներ։ Բայց շատ արտասահմանյան ապրանքանիշերի ներքո վաճառվում են ապրանքներ, որոնք արտադրվում են հենց մեր արտադրական հզորությամբ: Ըստ էության, դա ռուսական արտադրանք էր` պարզապես արտասահմանյան ապրանքանիշի ներքո», - բացատրել է Պուտինը։
Նա նշել է, որ ՌԴ–ում մնացած արտասահմանյան ընկերություններին կվերաբերվեն այնպես, ինչպես հայրենական ընկերություններին։ Եթե օտարերկրյա արտադրողները ցանկանան վերադառնալ, ապա իրենք ոչ մեկի առջև դռներ չեն փակում։ Շեշտել է, որ նրանց համար կստեղծեն անհրաժեշտ պայմաններ, բայց նաև հաշվի կառնեն այդ գործընկերների վարքագծի առանձնահատկությունները։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ գործարար շրջանակների ներկայացուցիչները խնդրում են թույլ չտալ Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերությունների վերադարձը: