ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի անդամները, հանրային պաշտպանները, որոնք բողոքի ակցիայով ԵՄ գրասենյակի մոտ են, կառույցի ներկայացուցիչներից մեկին նամակ հանձնեցին, որտեղ շուրջ 100 ստորագրություն կա։
Նշենք, որ հայաստանյան փաստաբանները բողոքի ակցիա իրականացրին ի աջակցություն իրենց գործընկերների, որոնք մասնագիտական գործունեություն իրականացնելիս բռնության են ենթարկվել։
«Մենք նամակ ենք ներկայացնում, փաստաբանները կատարվածի վերաբերյալ (փաստաբաններին ծեծի ենթարկելը,–խմբ.) իրենց դիրքորոշումն են ներկայացնում։ Ակնկալում ենք ԵՄ դեսպանի համարժեք արձագանքը»,– ասաց փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։