ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
«Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք` Լաչինի միջանցքում կա խնդիր, և դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսում ենք և ուղիղ կապի մեջ ենք գործընկերների հետ»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա մեկնաբանեց լրագրողի հարցը, որը վերաբերում էր հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշը բարձրացնելու փորձին։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ խնդրով խոսվել է ռուս գործընկերների հետ` Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ։
«Առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր փորձ չկա»,– ասաց Հովհաննիսյանը` ներկայացնելով, թե ինչ վիճակ է հիմա Լաչինի միջանցքում։
Նա շեշտեց, որ չնայած ադրբեջանական սադրանքներին` իշխանությունը շարունակելու է շարժվել որդեգրած քաղաքականությամբ` զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ–ն պատրաստվում է բողոքի նոտա հղել ՌԴ դեսպանություն` ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց` պետք է հաշվի առնել ցանկացած քայլի հետևանքները։
«Պետք է հասկանանք` ամեն նման միջադեպին մեր կոնկրետ արձագանքն իրավիճակն ավելի բարդացնո՞ւմ է, թե՞ չի բարդացնում։ Հարցն այն չէ, ում համարձակությունն է ավելի շատ կամ ով ավելի հեռուն գնացող հայտարարություններ կանի, ցանկացած արձագանք պետք է լինի ՀՀ պետական շահերին չվնասող»,– շեշտեց Թունյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ էր տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: