ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանում խոշորամասշտաբ կառուցապատման հետևանքով գազասպառման ծավալները կտրուկ ավելացել են, և գազամատակարարման եղած ցանցը չի բավարարում։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով Երևանը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը։
«Ընդ որում, մենք խոսում ենք նոր կառուցվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ արդեն ոչ միայն նոր շենք, այլև ընդհանրապես նոր բաժանորդ ավելացնելը խնդիր է»,– ասաց նախարարը։
Գազամատակակարարման ցանցի ծանրաբեռնվածությունը, Սանոսյանի խոսքով, ազդում է նաև մատակարարվող գազի որակի` ճնշման վրա։
«Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտել գործընկերները։ 4 ուղղությամբ կկառուցվեն գազատարներ ու գազաբաշխիչ կայաններ։ Դրանք կիրականացվեն փուլերով. 1-ին փուլում` Երևանի հյուսիսարևելյան հատվածում, 2-րդ փուլում` հարավարևմտյան, 3-րդ փուլում՝ հարավային և 4-րդ փուլում՝ արևելյան հատվածում։ Ծրագիրը կսկսվի 2024թ–ի հունվարից և կավարտվի 2026թ–ի դեկտեմբերին»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկա պահին 490 նոր բազմաբնակարան շենքեր հայտ են ներկայացրել միայանալու գազամատակարարման համակարգին։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բավարարել ոչ միայն այս հարտերը, այլև լրացուցիչ նոր բաժանորդների միացումը համակարգին։
Նշենք, որ խնդրի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրն իրականացնում է համաձայն ՀՀ–ում մշակված գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ։
Կառավարության ներկայացրած ծրագրով նախատեսվող աշխատանքներն իրականացվելու են պետական ֆինանսավորմամբ։
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կառուցապատման առկա տեմպերի արդյունքում նմանատիպ խնդիր առաջիկայում կարող է առաջանալ նաև երևանամերձ այլ համայնքներում ևս, ուստի առաջարկեց հարցն այսօրվանից պահել ուշադրության կենտրոնում` ժամանակին քայլեր ձեռնարկելու համար։