ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մնալ հավատարիմ սեփական ոճին և չվախենալ անհաջողություններից։ Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER), որը վաղը մեծ համերգ կտա Հայաստանում, բացահայտում է իր հաջողության գաղտնիքը։
«Միշտ մնալ հավատարիմ ինքդ քեզ, չփորձել նմանակել ինչ-որ մեկին, անկախ հնարավոր վայրէջքներից, միշտ առաջ գնալ»,– Երևանում կայացած ասուլիսում ասաց թավջութակահարը։
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Նա նշեց, որ շատ ուրախ է, որ ժամանել է Հայաստան, իրեն շատ լավ են ընդունել այստեղ։ Իր համար անգամ թռիչքն է շատ հետաքրքիր անցել, քանի որ երեկ` հունիսի 15–ին իր ծննդյան օրն էր։
«Շատ ուրախ ծնունդ ունեցա ինքնաթիռի մեջ։ Կար և՛ տորթ, և՛ շամպայն»,– ասաց երաժիշտը։
Անդրադառնալով 2 cellos նախագծին և Լուկայի հետ հնարավոր համագործակցությանը` երգիչը կես կատակ, կես լուրջ հայտարարեց, որ նման բան չի լինի, և ամեն ինչ ավարտված է։
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) երկրպագուների հետ
© Sputnik / Asatur Yesayants
«Այս պահին դադար է և գուցե շատ ուշ` օրինակ 100 տարեկանում, նորից վերսկսենք նախագիծը»,–կատակեց նա` չցանկանալով մեկնաբանել Լուկայի հետ հարաբերությունները։
«Հայա» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ տարիներ շարունակ աշխատել են, որպեսզի թավջութակահարը գա Հայաստան։ Այդ տարիներին դեռ «Հայա» փառատոնը չկար։
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերի (HAUSER) ասուլիսը Երևանում
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ հանրահայտ թավջութակահար HAUSER-ը ազգությամբ խորվաթ է, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր։ Նա վաղը մեծ համերգ կտա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող` Հաուսերը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերի։
Հանրահայտ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER) և Music for Future մանկական հիմնադրամի փոքրիկ երաժիշտները
© Sputnik / Asatur Yesayants