ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վտանգի, վախի զգացում և գործ տալու սովորական ՔՊ–ական վարքագիծ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնորոշեց իր հայտարարության վերաբերյալ հունիսի 14-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավորի հարցն ու վարչապետի պատասխանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց էր ուղղել վարչապետին, թե արդյոք մտահոգություններ չկան Աղվան Վարդանյանի`«քաղաքական մահապարտների օգնությամբ հարցեր լուծելու» մտադրության առնչությամբ։ Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Վարդանյանի հայտարարությանը պետք է արձագանքեն իրավապահ մարմինները` ՀՀ օրենսդրությանը համաձայն։ «Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել»,– ասել էր վարչապետը։
Ի պատասխան Աղվան Վարդանյանը հավաստիացրեց` իր ասած մարդկանց ցանկում ոչ մի ՔՊ–ական չի լինելու, հետևապես, նաև դասալիքներ չեն լինելու։
Պատգամավորը նշեց` տեր է իր խոսքերին ու հիմա էլ է համաձայն, որ պետք է պատրաստ լինել վճռական անձնազոհության մինչև վերջ գնալու` երկիրը չարիքից ազատելու համար։ Հավելեց` նրանք պետք է տարբեր ոլորտներ ներկայացնեն` քաղաքական, ռազմական գործիչներ, հոգևորականներ։ Նա նշեց, որ, ցավոք, ընդդիմադիր դաշտն այսօր շատ բաժան–բաժան է։ Վստահ է` պետք է կարողանալ պարտադրելով, ստիպելով ձևավորել միևնույն ազգային, պետական արժեքներով առաջնորդվող էլիտա, որը կունենա միևնույն մտածողությունը։
«Իմ խորին համոզմամբ` այդ մարդկանց առաքելությունը պետք է լինի ազատել երկիրն այս իշխանությունից (քաղաքական ճանապարհով, բնականաբար), և նրանց միջուկը պետք է լինի վաղվա իշխանությունը, որը պետք է փորձի այս ավերակներից երկիրը դուրս բերել»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` արդեն մոտ 200-250 հոգուց կազմված ցուցակ կազմել է, չի բացառում, որ ինչ–որ պահի կհրապարակի անունները` առանց նրանց հետ խոսելու։ Իրենք էլ կորոշեն` պատրաստ են կրելու այս պատասխանատվությունը, թե ոչ։
«Իմ խնդիրը ոչ թե մեռնելու գնացողներն են, այլ մարդիկ պետք է գնան փրկելու և փրկվելու։ Բայց եթե ազգային, պետական էլիտան պատրաստ չէ պետական, ազգային արժեքների համար զոհվել, ուրեմն պետական էլիտա չէ»,– շեշտեց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հանձնարարականին, որ իր հայտարարության հետքերով գնա դատախազությունը, Վարդանյանը նշեց` նույն հաջողությամբ կարող է նաև Ադրբեջանի, Թուրքիայի անվտանգության ծառայություններին, դատախազություններին նման հանձնարարական տալ, որովհետև այս իշխանության առաջին պաշտպաններն Էրդողանն ու Ալիևն են։
Հիշեցնենք` Աղվան Վարդանյանն ասել էր, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար պետք է ձևավորել քաղաքական էլիտա։ Շեշտել էր` պետք է պայմանականորեն ընդամենը 100 մարդ, որոնք 100 տոկոսով համաձայն կլինեն իրար հետ ու պատրաստ կլինեն գնալ մինչև վերջ, նույնիսկ` ինքնազոհաբերության։