ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կասեցրել է բուժառուներին Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխելու որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Նշվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:
«Կարմիր խաչը, գնահատելով սահմանամերձ իրավիճակի փոփոխությունը և, ըստ դրա, հաշվի առնելով իր պատասխանատվությունը թե՛ բուժառուների, թե՛ սեփական անձնակազմի հանդեպ, այս պահին վերադարձել է։ Եվ հույս ունենք, որ այդ գործողությունը կկատարենք։ Այստեղ, իհարկե, շատ կարևոր է անվտանգային հարցը, որպեսզի մեր գործողությունները սահուն և արդյունավետ կազմակերպված լինեն»,- ասաց Ամատունին։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են արել ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը։ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 11:45-ին կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։