ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ կապված կառավարության կատարած աշխատանքը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր, ասորիների կողմից ԱԺ պատգամավոր ընտրված Զեմֆիրա Միրզոևան` ելույթ ունենալով 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։
Նա շեշտեց, որ հաշվետվությունում չկա որևէ խոսք, թե ինչ միջոցներ են ուղղվել ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին և ինչպես են դրանք ծախսվել, կամ ինչ ծրագրեր են նախատեսվել ու ինչպես են կատարվել։
«Որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ` նման մոտեցումը խիստ անընդունելի եմ համարում։ Ազգային փոքրամասնությունները Հայաստանում օտար չեն, այնուհանդերձ ունեն իրենց յուրահատուկ խնդիրները, և դրանք հատուկ վերաբերմունքի և հոգածության կարիք ունեն։ Կառավարությունը կոնկրետ քայլերով, ծրագրերով և հատկացումներով պետք է նպաստի ազգային փոքրամասնությունների համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք բխում են ազգային ինքնության զարգացման և պահպանման շահից»,– նշեց Միրզոևան։
Նա շեշտեց, որ այսօր ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին տարեկան տրվում է ընդամենը 950.000 դրամ և հռետորական հարց ուղղեց խորհրդարանականններին` այդ փոքր գումարն ի՞նչ անի համայնքը, ինչի՞ վրա ծախսի։ Վստահ է` այդ մոտեցումը պետք է փոխվի, պետք է գումար հատկացվի կոնկրետ նպատակների և ծրագրերի իրականացման համար։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ երկար տարիներ բարձրաձայնվել է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների վերապատրաստման խնդրի հարցը, սակայն կառավարության ներկայացրած չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով նրանք վերապատրաստման իրավունք չունեն։
Իշխանական պատգամավորի խոսքով` պետական աջակցության կարիք կա նաև մեկ այլ կարևոր հարցում` ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստատեսային հաղորդումների անհրաժեշտություն կա։ Միրզոևան վստահեցրեց` դա միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջ է։
«ՄԻՊ գրասենյակում անգամ վիճակագրություն չկա, թե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից քանի դիմում–բողոք է ներկայացվել 2022 թվականին և ինչին են վերաբերել»,– նշեց պատգամավորը։
Նա հույս հայտնեց, որ իր բարձրացրած խնդիրները պատշաճ ուշադրության կարժանանան և լուծումներ կստանան։