Գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել․ Շենավանի բնակչի սպանության կասկածյալը կինն է

ՀՀ ոստիկանություն
Դեպքի վայրում հավաքվածները կասկածներ են հայտնել, որ կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում գլխի մասում ստացած վնասվածքներից մահացած 41-ամյա Մարատ Մ.-ի դին է հայտնաբերվել։ Գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արմավիրի բաժին, ապա քննչական վարչություն տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Մ.-ին, որը կայքի տեղեկություններով սպանվածի կինն է։
«Մահացածը Էմմայի ամուսինն էր, որը խմիչքի հետ մեծ սեր ուներ: Այսօր գինովցած եկել է տուն և դանակով հարձակվել ընտանիքի անդամների վրա, իսկ հետո հավանաբար կինը ինքնապաշտպանվելու նպատակով «նասոսով» հարվածել է ամուսնու գլխին: Հիմա մեզ ասում են ինքնապաշտպանվելու նպատակով, բայց դե վստահ ենք, որ քննիչները իրականությունը կբացահայտեն, թե ինչն է եղել պատճառը»,-կայքին հայտնել են դեպքի վայրում հավաքվածները:
Նշվում է, որ դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային դանակ, երկաթյա օդամղիչ սարք (նասոս), որոնց վրա առկա է արնանման հետքեր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։