ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Ամեն անգամ, երբ հանդիպում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները և «խելացի» ժամացույցները հավաքվեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս լուրը հաստատել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»,–ասել է Աղազարյանը: Նա բացատրել է, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին և «Տիկ-Տոկ» չմտնեն»:
«Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում»,–գրում է թերթը:
Թերթի տվյալներով` Նիկոլ Փաշինյանը չի վստահում անգամ սեփական թիմին, և իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։