ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն խորապես մտահոգված է այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների առնչությամբ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Խորապես մտահոգված ենք, որ Հայաստանում ԱՄՆ դուստր ձեռնարկության երկու քաղաքացիական աշխատակիցներ վիրավորվել են Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով»,– Twitter–ի իր էջում գրել է Միլլերը։
Նա վերահաստատել է ԱՄՆ կոչը` սահմանների երկայնքով զսպվածություն պահպանել, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Հնդիկները բեկորային վնասվածք են ստացել կրծքավանդակի շրջանում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: