«Ֆեյսբուքը» բացառություն է արել և չի հեռացրել հայ ռազմագերիների վերաբերյալ տեսանյութը

Meta–ի Վերահսկիչ խորհուրդը մինչ օրս 37 վճիռ է կայացրել, որոնցից երկուսը վերաբերում են հայաստանյան դեպքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Meta–ի վերահսկիչ խորհուրդը բացառություն է արել`որոշելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից չհեռացնել հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցիների կողմից դաժանություն գործադրելու տեսանյութը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Cyber hub» կազմակերպության համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Խոսքը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից հրապարակած տեսանյութի մասին է, որտեղ երևում է` ինչպես են հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն կիրառում։ Տեսանյութին կից օգտատերը ադրբեջաներեն գրել է, որ չնայած հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին, Եվրամիություն կրկնապատկում է էներգակիրների ներմուծումը նույն Ադրբեջանից։
«Տեսանյութն իր բնույթով փորձ է` բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների իրավունքների նկատմամբ, և իր բնույթով հայերի օգտին է, բայց մյուս կողմից` տեսանյութում ռազմագերիների իրավունքների խախտում կա, ինքնություն հրապարակելու և այլնի վերաբերյալ, որը որոշակի խնդիրներ է պարունակում»,–մանրամասնեց փորձագետը։
Այդ հրապարակումը ինչ–որ մեկի կողմից բողոքարկվել էր, իսկ Meta–ն գործը քննության էր առել` հաշվի առնելով, որ այս թեման կարող է տարածվել այլ հակամարտություններում և կարող են տեսանյութեր տարածվել։
Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից
Meta–ի մոդերատորները, տեսնելով տեսանյութը, որոշել են մինչև դրա միանալը նախ հավելյալ էկրան ավելացնել (որտեղ նշվում է, որ տեսանյութը կադրեր է պարունակում, որոնք կարող են անհանգստություն պատճառել), ապա նաև տեսանյութում փորձել ռազմագերիների դեմքերը «լղոզել» այնպես, որ նրանք ճանաչելի չլինեն։
«Միևնույն ժամանակ մոդերատորները համարել են, որ սա կարևոր տեղեկատվական արժեք ունի, քանի որ բարձրացնում է ռազմագերիների իրավունքի հարցը և արժե` մնա հարթակում։ Նախկինում մոդերատորները ուղղորդվել են Meta–ի ներքին կանոնակարգով, և ասեմ, որ կոնկրետ այս տեսանյութը հարթակում թողնելը սոցցանցի կանոնակարգերի խախտում է, սակայն այստեղ ինչ–որ բացառություն են արել (այդ կանոնակարգում նշված է, որ եթե տեսանյութում բռնության դեպքեր կամ հանցագործության տարրեր կան, որը դիտելով կարող է դիտարկվել հանցագործության քարոզ կամ մարդու իրավունքների խախտում, պետք է արգելափակվի)»,-ասում է Պապյանը։
Նա ընդգծում է, որ վերահսկիչ մարմինը, որը երկու տարվա պատմություն ունի, ստեղծել է հենց նման բարդ դեպքերի համար, որպեսզի պարզ կանոնակարգերով չընդառաջվի, այլ մասնագիտական քննարկումներով որոշում կայացնի, որը կարող է դառնալ նախադեպային։
Եվ եթե հետագայում սոցցանցում տեղադրվեն տեսանյութեր, որոնք կարող են մարդու իրավունքների պաշտպանության նկատառումներով կարևոր լինել կամ լրագրողական ինչ–որ արժեք ունենալ, ընդառաջեն և Meta–ի վերահսկիչ խորհրդի որոշմամբ չհեռացնեն հարթակից։
Հայ գերիներն Ադրբեջանում դաժան վերաբերմունքի են արժանանում. Human Rights Watch
Ի դեպ, այս երկու տարվա ընթացքում վերահսկիչ մարմինը ունեցել է ընդամենը 37 գործ, որոնցից երկուսը վերաբերվել է հայերին։
Մյուս գործում, սակայն, որոշումը հօգուտ Ադրբեջանի է կայացվել։
«Հայ օգտատերը ադրբեջանցիների անվան տրամաբանությամբ գրել էր «տազիկ», Meta–ի մոդերատորներնայդ գրառումն արգելափակել էին։Հայ օգտատերը բողոքարկել էր` նշելով, որ ենթատեքստից կտրված է, վիրավորական չէ, բայց վճիռը հայ օգտատիրոջ դեմ էր կայացվել»,–ասում է նա։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։