«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջինը չէ». Միրզոյանը` Երասխի դեպքերի մասին

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարի խոսքով` Ադրբեջանն այս անգամ ուժի գործադրմամբ փորձում է նաև խաթարել մի գործընթաց, որը կարող է էապես նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել և խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո ՀՀ–ին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե խաղաղության գնալիս ինչու պետք է Ադրբեջանը կրակի Երասխի ուղղությամբ։
«Առաջին դրսևորումը չէ, վստահ եմ` նաև վերջին դրսևորումը չէ։ Այլ հարց է, որ մենք` և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ միջազգային հանրությունն այսպիսի վարքագծի նկատմամբ պետք է շատ կտրուկ դիրքավորվենք` կա՛մ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել, գտնելու փոխադարձ լուծումներ, կա՛մ եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է»,– նշեց Միրզոյանը։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի այս վարքագիծն անընդունելի է նաև միջազգային հանրության համար. այս դեպքում, ինչպես և նախկին շատ դեպքերում, խոսքը վերաբերում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ ագրեսիային։
«Այդ սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն այս դեպքում պետք է դերակատարում ունենա»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը շեշտեց, որ կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա` նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և նախնական գնահատմամբ այն էապես նպաստելու է ՀՀ տնտեսությանը զարգացմանը։ Ադրբեջանը կեղծ բնապահպանական մեղադրանքներ ներկայացրեց, մինչդեռ հայկական կողմը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան է բոլոր գործընթացները կազմակերպել։

«Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես ուժի գործադրմամբ խաթարել այս դեպքում այս ծրագիրը, սա ոտնձգություն է ոչ միայն ՀՀ սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլև զուտ, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով` խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,– նշեց նա։

Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։