Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգման հարցին

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
ԱԺ նախագահը չի կարծում, որ Էրդողանի այցը Բաքու կարող է ազդեցություն ունենալ Ալիևի դիրքորոշման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով հետաձգվել է Էրդողանի Բաքու այցի պատճառով։
«Որքանով հասկանում եմ` Էրդողանի այցի հետ էր կապված։ Տեսնում եք, որ ժամանել է Բաքու, հանդիպումն էլ հենց այս օրերին էր նախատեսված։ Կարծում եմ, որ պատճառը դա է եղել»,– ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիրպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով:
Դիտարկմանը, որ գուցե կարևոր հարցեր կան, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս, նա ընդգծեց, որ տարբեր ընկալումներ կան, և հաճախ լինում են դեպքեր, որ ամենապարզունակ հարցը, որի տակ ոչ հայկական կողմը, ոչ էլ ադրբեջանականը որևէ միտում չեն ունենում, կարող է այլ կերպ մեկնաբանվի։
Հարցին, արդյոք հնարավոր համարում է, որ Էրդողանի այցից հետո Ալիևը որոշ հարցերի շուրջ կարող է կոշտացնել իր դիրքորոշումը, Սիմոնյանը վստահեցրեց` կոշտացնելը Թուրքիայի նախագահի այցով չէ պայմանավորված։ Նրա խոսքով` այդ ամենը պայմանավորված է հայկական կողմի դիրքից, ասելիքից, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կմեկնի Ադրբեջան: ԶԼՄ-ների տվյալներով՝ այցի ընթացքում Էդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով: Նշենք, որ սա Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: