Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը. հետաքրքիր փաստեր Բեռլուսկոնիի կյանքից

Սիլվիո Բեռլուսկոնին . Արխիվային լուսանկար
Սիլվիո Բեռլուսկոնին մահացավ, և քչերը հիշեցին, որ մոտ 15 տարի առաջ նրա կյանքը մազից էր կախված, երբ նախընտրական հավաքներից մեկի ժամանակ ինչ-որ մեկը նրա երեսին ծանր առարկա նետեց, որը լրջորեն վնասեց վարչապետի քիթն, ատամներն ու ծնոտը։
Sputnik
Այդպիսին էր Բեռլուսկոնին՝ նրան կամ երկրպագում էին, կամ ատում։ Ինքն էլ, անկեղծ ասենք, համեստությամբ աչքի չէր ընկնում։ «Վերջին 150 տարվա ընթացքում լավագույն վարչապետն եմ»,-ասում էր Բեռլուսկոնին և ավելացնում. «Քաղաքականության Հիսուս Քրիստոսն եմ»։
Ոմանց այս պնդումները տարօրինակ և նույնիսկ անընդունելի կարող են թվալ։ Բայց ախր մարդը միշտ ղեկավարվում էր մի սկզբունքով. եթե ես մի բան անում եմ, իմ արածն աննախադեպ պիտի լինի։ Գիտե՞ք ինչպես սկսեց փող աշխատել՝ դպրոցում օգնում էր համադասարանցիներին կատարել տնայինը՝ չնչին գումարների կամ պարզապես քաղցրավենիքի դիմաց, հետո համալսարանում փողով կուրսայիններ էր գրում։ Լուսանկարներ էր անում հարսանիքների և թաղումների ժամանակ, փոշեկուլ էր վաճառում, նույնիսկ երգում էր գիշերային ակումբներում, մի խոսքով`ոչնչից չէր խորշում։
Վերջապես ուղիղ 30 տարի առաջ ստեղծեց իր կուսակցությունը՝«Ֆորզա, Իտալիա», մի քանի ամսից հաղթեց խորհրդարանական ընտրություններում և դարձավ Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը։
1986 թվականին Բեռլուսկոնին գնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը, որը նրա հովանավորությամբ վերածվեց եվրոպական առաջատարի՝ 8 անգամ շահեց Իտալիայի առաջնությունը, 5 անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ նվաճեց ֆուտբոլի Միջմայրցամաքային գավաթը։ Հետո ակումբը վաճառեց չինացիներին և փորձեց ևս մի աննախադեպ բան անել՝ ստեղծել այսպես ասած «ջենտլմենների թիմ»։ Գնեց «Մոնցու» ակումբը և սահմանեց շատ խիստ կանոններ՝ բոլոր խաղացողները պիտի հրաժարվեն դաջվածքներից, ականջօղերից, մորուքից և անսովոր սանրվածքներից, միշտ լինեն թարմ սափրված, երբեք չվիճեն մրցավարի հետ, յուրաքանչյուր խախտման դեպքում ներողություն խնդրեն մրցակիցներից։
«Ուզում եմ ստեղծել մարզական օրինակելի վարքագիծ ունեցող թիմ», -ասում էր Բեռլուսկոնին։ Ափսոս, հիմա արդեն չի տեսնի՝ արդյո՞ք հաջողությամբ պսակվեց իր նախաձեռնությունը։
Ֆուտբոլից բացի Բեռլուսկոնիին գրավում էր հեռուստատեսությունը։ Եվ այս բնագավառում էլ նա տպավորիչ արդյունքների հասավ։ Կուտակելով իր հարստությունն անշարժ գույքի շուկայում` մեծահարուստը գնեց մի քանի հեռուստաալիք և ստեղծեց Իտալիայի խոշորագույն մեդիահոլդինգը, ինչը նրան ի վերջո հսկայական եկամուտ բերեց՝ տասը տարի առաջ 12 միլիարդ դոլարով Բեռլուսկոնին զբաղեցրեց «Ֆորբսի» ցուցակի 25-րդ հորիզոնականը։ Եվ բոլորովին պատահական չէ, որ իտալացիները նրան չորս անգամ վարչապետ են դարձրել՝ ախր այդ մարդը ոչ թե արդարացումներ էր փնտրում իր ձախողումների համար, աջ ու ձախ մեղադրելով բոլորին՝ նախկիններից մինչև ընդդիմադիրներ, այլ շատ կոնկրետ գործերով և արդյունքներով ապացուցում էր, որ տարբերվում է դատարկախոս անբաններից, որոնք պատահաբար են հայտնվել քաղաքականության ոլորտում։
Նույնիսկ դատաիրավական համակարգի հետ նրա հարաբերություններն աննախադեպ էին։ Դժվար է հավատալ, բայց Բեռլուսկոնիին քրեական մեղադրանքներ են ներկայացվել ավելի քան 60 անգամ՝ մաֆիայի հետ կապեր, ֆինանսական փաստաթղթերի կեղծում, հարկերից խուսափում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն։ Սակայն մեղադրական վճիռ դատարանները կայացրել են ընդամենը երեք անգամ, ընդ որում` դրանցից երկուսը երկրորդ ատյանում վերանայվել են և նախկին վարչապետը պատիժ չի կրել։ Միայն մի անգամ դատարանը նրան դատապարտեց ազատազրկման, բայց դա էլ մեկ տարի անց փոխարինվեց հանրային աշխատանքներով։ Պատկերացնո՞ւմ եք՝ նախկին վարչապետին ցախավելը ձեռքին փողոց մաքրելիս։ Դե ինչ, այս մարդու հետ կապված ամեն ինչն էլ աննախադեպ էր։
Եվ իհարկե, Սիլվիո Բեռլուսկոնին երբեք չէր թաքցնում, որ սիրում է կանանց, որոնց մասին երբեմն բավական անկեղծ էր արտահայտվում։ Ոմանք գտնում են՝ չափից դուրս անկեղծ։ «Եթե պատճառ եք փնտրում Իտալիայում ներդրում կատարելու, նայեք մեր քարտուղարուհիներին՝ չտեսնված գեղեցկուհիներ են»,-ասում էր Բեռլուսկոնին և ավելացնում. «Իտալուհիներն այնքան չքնաղ են, որ նրանցից ամեն մեկին պետք է մի զինված ջոկատ ուղեկցի բռնաբարությունը կանխելու համար»։ Բայց իտալուհիներին վերաբերվող Բեռլուսկոնիի ամենահայտնի ասածը երևի սա է. «Այն հարցին՝ արդյոք ուզում են ինձ հետ ինտիմ հարաբերություններ ունենալ, կանանց 30 տոկոսը պատասխանում է «Իհարկե, այո», մնացած 70 տոկոսն ասում է. «Ի՞նչ, նորի՞ց»…
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին