Երևանի քաղաքապետարանը Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարան
Լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել է Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։
«Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականին»,– նշված է հայտարարության մեջ:
Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևով ներկայանալ մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:
Ըստ մրցույթի պայմանների` Ազնավուրի արձանը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար:
«Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին: Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի»,– նշված է մրցույթի պայմաններում:
Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:
Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով