Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն

Տիրան Ավինյան
Քննչական կոմիտեում այժմ նախաքննություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:
«Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակում որևէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում»,– ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԿՀ-ից ստացած համապատասխան փաստաթղթերը Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) է ուղարկել քրեական վարույթ նախաձեռնելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):