ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Աշտարակի խճուղում` Նորաշեն թաղամասի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 7 պացիենտից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք` այսօր ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
Փրկարարները Sprinter –ից դուրս են բերել երեք արգելափակված քաղաքացու։ 29-ամյա Է. Ա.-ին, 54-ամյա Թ․Տ․-ին, 18-ամյա Լ․Խ․-ին, 29-ամյա Մ․Բ․-ին, 26-ամյա Դ․Կ․-ին, 31-ամյա Է․Հ․-ին և Ա․Մ․-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային։