ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը և Թուրքիայի արձագանքին։
Նա կրկնեց իր տեսակետը, որ անձամբ արձանի տեղադրումը սխալ է համարում։
«Չասեք, որ այնտեղ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, իսկ արտադատական կարգով հարցեր լուծելը որևէ պետություն կամ պետության ներկայացուցիչ չի կարող խրախուսել»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ այնուամենայնիվ, «Նեմեսիսի» արձանի տեղադրման հարցի օգտագործումը Թուրքիայի կողմից ընդամենն առիթ էր։ Ինքն էլ կարող էր միլիոնավոր պատճառներ գտնել Թուրքիայի չայցելելու համար, բայց չարեց դա։
«Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, հարաբերությունները կարգավորելու եզակի, պատմական հնարավորություն է սա, և մենք` հայկական կողմը, դրան պատրաստ է` անգամ անցնելով մեծ քննադատությունների միջով, բայց ՀՀ–ին երկարատև խաղաղություն բերելու համար»,– նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր Հայկ Մարությանը։
Արձանը տեղադրվեց որոշումից ավելի քան 1.5 տարի անց` 2023 թվականի ապրիլի 25-ին։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չէր ցանկանա, որ դա դիտվեր իբրև Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։