ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ՃՏՊ–ի հետևանքով մեքենայի վարորդը` 1984 թվականին ծնված Վ. Բ.–ն տեղում մահացել է։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ձորից. փրկարարների օգնությամբ տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են նաև, որ հիվանդանոցում բժիշկները արձանագրել են 36–ամյա քաղաքացու մահը։