ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ Չինաստանում ստեղծված իրարանցումն այնքան մեծ էր, որ ֆուտբոլիստը, փաստորեն, գրեթե փակված է մնացել Պեկինի հյուրանոցում։ Այս մասին գրում է Չինաստանի Global Times պետական պարբերականը։
Մեսսին Պեկին է ժամանել շաբաթ օրը։ Նրա ազգային թիմը Ավստրալիայի հավաքականի հետ կհանդիպի Չինաստանի մայրաքաղաքում հունիսի 15-ի ընկերական խաղում։
Պարբերականը գրում է, որ Արգենտինայի հավաքականի մարզումն ի սկզբանե նախատեսվում էր կիրակի երեկոյան Պեկինի մարզական կենտրոններից մեկում։ Սակայն «անհավանական կրքոտ» երկրպագուների պատճառով, որոնք հավաքվել էին Արգենտինայի հավաքականի հյուրանոցի մոտ, թիմը «չի կարողացել լքել հյուրանոցը, և մարզումները ստիպված են եղել չեղարկել։
«Երկրպագուների քանակն այնքան մեծ էր, որ, ինչպես հայտնում էին, մարզիկը փակված է մնացել հյուրանոցում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ չինացի երկրպագուներից մեկը, նախքան հայտնի դառնալը, թե որտեղ է կայանելու Մեսսիին, համարներ էր ամրագրել մայրաքաղաքի 4 շքեղ հյուրանոցներում` ծախսելով ավելի քան 10 հազար յուան (շուրջ 1400 դոլար), որպեսզի հնարավորություն ունենա հանդիպելու աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ La Gazzetta dello Sport–ը հայտնել էր, որ Չինաստան Մեսսիի ժամանելուց հետո համացանցում մի շարք կասկածելի առաջարկներ էին հայտնվել, այդ թվում 650 եվրոյով մարզադաշտ անցնելու, արգենտինացու ստորագրությամբ մարզաշապիկով, առաջին շարքում տեղերով և ֆուտբոլիստի հետ լուսանկարով անհատական VIP փաթեթի վերաբերյալ։ Ոստիկանության տվյալներով` վերավաճառողները համացանցում սկզբնական արժեքից 3 անգամ թանկ են վաճառում տոմսերը` չնայած նրան, որ մարզադաշտ մտնելու համար անհրաժեշտ է ներկայացնել վճարման կտրոնն ու անձը հաստատող փաստաթուղթ։
Ֆրանսիական «Պարի Սեն–Ժերմենն» ավելի վաղ հայտարարել էր, որ խաղաշրջանի ավարտին Մեսսին կլքի ակումբը, պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։
Հունիսի 7–ին արգենտինացին Mundo Deportivo–ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կշարունակի կարիերան «Ինտեր Մայամիում», որի սեփականատերերից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է։