Կապույտ բերետներ ստացան ու համալրեցին խաղաղապահ բրիգադի շարքերը

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին շնորհավորեց ատեստացիայի առաջին փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և ընդգծեց, որ վերջիններս պետք է ճիշտ գնահատեն այն բեռը, որ դրվում է իրենց ուսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու միջոցառումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնել իրենց ուսերին դրված պատասխանատվությունը։
«Շնորհավորում եմ ատեստացիայի առաջին փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Ուզում եմ, որպեսզի ճիշտ գնահատեք այս պատվավոր բեռը, որ դրվում է ձեր ուսերին։ Խաղաղապահ բրիգադի մարտիկ լինելը ձեզ համար պետք է առաջին հերթին պատիվ լինի»,– նշել է Պապիկյանը։
Նա նաև ընդգծել է, որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են մեր երկիրը: