Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է․ ՔԿ-ից պարզաբանել են

Ջալալ Հարությունյան
Որոշվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն նշանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»,– ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ քննիչն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն, որպեսզի մինչև փորձաքննության և համապատասխան եզրակացության ավարտը քրեական հետապնդումը կասեցվի: Աբրահամյանի խոսքով` եզրակացությունն առանցքային նշանակություն կունենա հետագայում իրավական գնահատական տալու առումով։
Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում, նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը։ Այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։