ՀՀ–ն ուզում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնելու համաձայնագիրը. Տերյան

Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է` հաշվի առնելով դեպի ԵԱՏՄ տարածք արտահանման վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. ՀՀ–ն ցանկանում է վավերացնել ԵԱՏՄ վերապահովագրական ընկերություն հիմնադրելու համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
«Ստեղծված է ԵԱՏՄ-ում»․ Պուտինը խոսեց միասնական արտադրական բրենդ ստեղծելու մասին
Հանձնաժողովը քննարկում էր «Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։
«Մեր երկրի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կտրուկ աճում է։ Այս տարվա հինգ ամսվա տվյալներով` այն աճել է ու արդեն 2 մլրդ դոլարից ավելի է, որը մոտ 2 անգամ ավելի շատ է, քան անցած տարի էր։ Այդ պատճառով մեր արտահանողները պետք է ավելացնեն իրենց ֆինանսական գործիքները, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ծավալները։ Այս պարագայում մեր արտահանողը մի շարք ռիսկերի առաջ է կանգնում։ Օրինակ` նա իր վճարը կարող է միանգամից չստանալ (արևմտյան պատժամիջոցների պատճառով), այլ ստանալ վերապահովագրական ընկերությունների միջոցով»,– մանրամասնեց փոխնախարարը։
Ըստ նրա` քանի որ արտահանման ծավալները կտրուկ ավելանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այսպիսի կառույցների ստեղծումը հրատապ է դառնում։ Այս հիմնադրամն ունենալու է իր կառավարման բարձրագույն մարմինը` ԵԱՏՄ հինգ երկրի փոխվարչապետների մակարդակով։
Համաձայնագիրն այս պահին դեռ վավերացրել են ՌԴ–ն ու Բելառուսը։ Երկրորդ փուլով կվավարեցնեն Հայաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։
ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. Փաշինյան
Ըստ նախագծի` Եվրասիական վերապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ մասնակցության մասնաբաժինը սահմանվել է ընկերության կանոնադրական կապիտալի 3%-ի չափով՝ 450 մլն ՌԴ ռուբլի: Թե ինչու միայն 3 տոկոս, Էկոնոմիկայի փոխնախարար Տերյանի խոսքով` հաշվի է առնվել մեր երկրի առևտրաշրջանառության այն մանսաբաժինը, որ ունենք ԵԱՏՄ–ում։